Լրահոս

07.04.2012 12:04


Այսօր երեկոյան վերջանում է Մեծ պահքը

Այսօր երեկոյան վերջանում է Մեծ պահքը

Ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ այսօր՝ Ավագ շաբաթվա երեկոյան, ավարտվում է Մեծ պահքը։

Մեծ պահքը, որը տևում է 40 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, այս տարի սկսվել էր փետրվարի 20-ից։ Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը, և այն դառնում է 48 օր։ Համաձայն եկեղեցական ավանդության՝ գոյություն ունի երեք տեսակի պահք։ Առաջինը սովորական պահքն է՝ կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է՝ հրաժարումը նաև բուսական ծագման մթերքներից, ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը, և երրորդը ծոմն է՝ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից մինչև Զատիկ։

Ավագ շաբաթ օրը խորհրդանշում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը։

Այսօր՝ ժամը 18.00–ին, Հայաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի պատարագ, որով էլ կազդարարվի Հիսուսի հարության ավետիսը։

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»,– այս ավետիսով վերջանում է  Մեծ պահքը, և կատարվում է Ս. հաղորդության նախատոնակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը